Հարգելի  քաղաքացիներ , www.pastaban.net  կայքը  խորհուրդ  է  տալիս  զգուշանալ  փոխառությամբ (պարտքով) փող  տվող  այն  «բարեսիրտ» ծանոթներից, ովքեր օգտվելով քաղաքացիների սոցիալական խոցելիությունից և անտեղյա-կությունից`  պահանջում  են  «ժամանակավորապես»  իրենց  նվիրատվել  գույք կամ տալ գույք վաճառելու լիազորագիր:  Նմանատիպ  պահանջներ  ներկայացնելը  փոխառությամբ  գումար  տալու  պատրաստակամ  անձինք  հիմնավորում  են իրենց  մոտ  առկա  այն  «մտավախությամբ»,  որ  պարտապանը  կարող  է  չվերադարձնել  վերցրած գումարը, իսկ գույքը վաճառելու  լիազորագիրը   կամ   անշարժ  գույքի  նվիրատվության  պայմանագիրը,  նման  դեպքերում,  գումարի  վերադարձնելիությունն ապահովող երաշխիքներ են: Կենսաթոշակառու Լյուդմիլա Լիգինան տարիներ առաջ փոխառությամբ վերցրած 4000 ԱՄՆ դոլարի դիմաց կորցրել է իր բնակարանը` կարճ ժամանակում հայտնվելով փողոցում:  

Երևան քաղաքի Սեբաստիա փող. 142/2շ.  25 բնակարանի բնակչուհի Լյուդմիլա Լիգինան 2004թ. մայիս ամսին փոխառությամբ գումար է խնդրել իր ծանոթներից մեկից` ոմն Գարրի Աղաբաբյանից: Սրտացավ ծանոթը, համաձայնել է վերջինիս տրամադրել  960.000 ՀՀ դրամ պայմանով, որ Լիգինան նախապես լիազորի իրեն վաճառել իրեն պատկանող բնակարանը, պատճառաբանելով, որ լիազորագրի տրամադրումը բացառապես պարտավորության ապահովման միջոց է և նման իրավահարաբերություններում լիովին տարածված և ընդունելի ձև: 

Այսպիսով, խաբեությամբ վստահություն առաջացնելով թոշակառու Լիգինայի մոտ, Աղաբաբյանին հաջողվել է վերցնել լիազորագիրը: Լիգինան, սակայն, վերցված գումարը մաս առ մաս վերադարձրել է պարտատիրոջը (ասվածը հաստատվել է ստացականներով) և 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ մնացել է պարտք ընդամեը 65.000 ՀՀ դրամ:

    Աղաբաբյանը, սակայն, օգտագործելով լիազորագրի օրինակը, իրականացրել է Սեբաստիա փող. 142/2շ.  25 բնակարանի  վաճառքը: Բնակարանը վաճառել է շուկայականից ակնհայտ ցածր` 5.400.000 (հինգ միլիոն չորս հարյուր հազար)  ՀՀ դրամով` ամբողջությամբ յուրացնելով բնակարանի վաճառքից ստացած գումարը: Մի կարևոր հանգամանք ևս. բնակարանի «գնորդը» Գ. Աղաբաբյանի մտերիմ ծանոթն է` ոմն Մկրտիչ Շահրիկյանը: Անօթևան դարձած կենսաթոշակառուն փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել Մալաթիայի ոստիկանության բաժին և բարձրաձայնել Գ. Աղաբաբյանի և Մ. Շահրիկյանի հանցավոր գործողությունների մասին:

Թեև հետաքննիչը պարզել է, որ «Վաճառքի գումարից Գ. Աղաբաբյանը վերցրել է 4000 ԱՄՆ դոլլար, իսկ մնացած գումարը տվել է Մ. Շահիկյանին (հիշեցնենք, որ Շահրիկյանը բնակարանի գնորդն է), որն էլ այդ գումարից 3500 ԱՄՆ դոլարը տվել է իր եղբորը` Գրիգոր Շահիկյանին, 1500 ԱՄՆ դոլարը տվել է ոմն Հայաստան Եփրկյանին, 2500 ԱՄՆ դոլարը` Սամվել Առաքելյանին, 2000 ԱՄՆ դոլարը ոմն Զառա Նահապետյանին, որոնց իբր պարտք է եղել Լյուդմիլա Լիգինայի որդին` Ռոման Լիգինը», այնուամենայնիվ մերժել է քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության հիմքով:  

Հավելենք նաև, որ ուրիշի գյուքի խոշոր չափերով հափշտակությունը միանգամայն իրավաչափ է համարել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը:

Իրավապահ մարմինների անգործության շնորհիվ  Գարրի Աղաբաբյանն այժմ գտնվում է ազատության մեջ, իսկ կենսաթոշակառու Լ. Լիգինան զրկվելով բնակարանից` հայտնվել է փողոցում: